Լծվել է իշխանությունը, որի լեգիտիմությունը խիստ կասկածելի է…
Լծվել է իշխանությունը, որը չի ցանկանում իջնել բռնազավթած աթոռներից…
Լծվել է իշխանությունը, որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ սեփական գրպանի և պետական տնտեսության տարբերությունը…
Լծվել է իշխանությունը, որի օրոք ժողովուրդն աղքատացել է, իսկ իշխանական թևում սնկի պես աճում է «հաջողակ բիզնեսմեն միլիոնատերների» գլխաքանակը…
Այս պայմաններում ի՞նչ ասել է ժողովուրդ, այնքան էլ ըմբռնելի չէ:
Հնուց հայտնի է` ժողովուրդ ասածը պետք է հիմնված լինի հավաքական որոշակի արժեքային պատկերացումների և ձգտումների վրա և դրանց շուրջը գեներացնի բազմակարծության իր հարուստ կարողությունները…
Էհ, որ հայտնի է ի՞նչ…
Ամեն հայտնի բան իրականություն չի դառնա, եթե դրա իրագործման պատասխանատու նախաձեռնողներ չկան, իսկ խանգարողներ` որքան ուզես…
Թանձրագույն մարգինալացման ճիրաններում խճճված նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության հետ միասին նախաձեռնել է փոփոխել այն, ինչը համարվում է մեր ժողովրդի իրավունքի արտացոլումն ու պահապանը` Սահմանադրությունը:
Պարզվում է, որ ներկայիս իշխանության ապաշնորհութան պատճառը Սահմանադրությունն է:
Ծիծաղե՞լ… Թե՞ լալ… Երկուսն էլ…
Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ մարդկանց գերակշիռ մասի վերաբերմունքը սա է` ավազակապետերը ջանում են հավերժացնել իշխանությունը և դարձնել այն ժառանգական. ինքնավերարտադրում: Ահա, նպատակը:
Հոկտեմբերի հինգին ազգային ժողովի հերթական քառօրյայում քվեարկության դրվեց սահմանադրական «բարեփոխումների» նախագիծը և նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ` 10, ձեռնպահ` 3 պատգամավոր:
Տեսնու՞մ եք` ինչ շռնդալից «հաղթանակ» է… Իհարկե, այդպես էլ պետք է լիներ: Չէ՞ որ Հայաստանի` այժմ մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ իշխանական կուսակցությունը, որի նախագահը` ներկայիս ՀՀ նախագահի աթոռին նստած անձնավորություն Սերժ Սարգսյանը, որոշել է, որ Սահմանադրությունը պետք է փոփոխվի:
Ծանոթանանք Թրանսփերենսի ինթերնեյշնլ կենտրոնի վերլուծության հետ: Մեջբերում եմ, – « ՀՀ Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները ընդգրկում են հարցերի լայն շրջանակ և բացի 1-ին և 2-րդ հոդվածներից, մյուս բոլոր հոդվածներում կլինեն փոփոխություններ, ինչը հիմք է տալիս փոփոխությունների առաջարկը ավելի շուտ որակել որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն: Եվ որ ամենակարևորն է` առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է փոխել երկրի կառավարման համակարգը, կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, ամրապնդել և կայուն դարձնել մեծամասնության իշխանությունը խորհրդարանում, արմատապես փոխել զսպումների և հակակշիռների մեխանիզմը, վերացնել պետության որոշ խիստ կարևոր պարտականություններ և թուլացնել պետության դերը մարդու մի շարք իրավունքների պաշտպանության հարցում: Չնայած երկրի կառավարման համակարգը փոխելու քաղաքական որևէ նախադրյալների կամ հանրային պահանջի բացակայությանը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի ու իրավունքի ոլորտի փորձագետների կտրուկ անհամաձայնությանը` իշխանությունների կողմից արագացված և ագրեսիվ կերպով առաջ է մղվում հանրաքվեի անցկացումը: Այդ ամենը, բնականաբար, հիմք է տալիս համոզվելու, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են գործող նախագահի իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով` հաշվի առնելով, որ 2018 թվականին լրանում է նրա երկրորդ պաշտոնավարման ժամկետը, և նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան շարունակել առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, ինչպես նաև ապահովել իր` Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը:», – մեջբերման ավարտը:
Տեղեկացնեմ, որ թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի /EPDE/ անդամ է և ունի ավելի քան տասը տարվա փորձ դիտարկելու ընտրական գործընթացները Հայաստանում:
ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները խուճապի մեջ են և հնչեցնում են իրենց մտահոգություններն առ այն, որ իրենց կողմից ներկայացված հարյուրավոր առաջարկությունները ուշադրության չեն արժանանում և մերժվում են մեծամասնության կողմից: Փաստորեն, հանրաքվեին ներկայացվող փաստաթուղթն ունենալու է մեկ հեղինակ` ՀՀԿ: Այսպիսով, ԱԺ-ն բազմակարծության հետ որևէ առնչություն չունի, այն պարզապես ստեղծվել է գերիշխող մեծամասնության ցանկացած քմահաճույքի լեգիտիմացման նպատակով: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փաստում է, որ դա ապազգային նախագիծ է, որը հայ ժողովրդին մղելու է արտագաղթի և միայն մեկ նպատակ ունի` 2018 թվականից հետո էլ ապահովել Սերժ Սարգսյանի իշխանության ղեկին ամեն գնով մնալու անհագ ցանկությունը: Մեկուկես միլլիոն մարդ Հայաստանից հենց Սարգսյանի պատճառով արտագաղթել է, և սահմանադրական փոփոխությունները զրկելու են մարդկանց արդար պետություն ունենալու հույսից:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հիշեցնում է, որ նախագծում կատարված փոփոխություններին պատգմավորները չեն հասցրել ծանոթանալ: Քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ, որոնց ծանոթանալու համար ժամանակ է պետք: Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել է, որ իր արած 122 առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել, թեպետ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները սահմանադրական փոփոխությունները քննարկել էին նաև նախագահականում Սերժ Սարգսյանի հետ:
Նշենք, որ սահմանադրության նոր նախագիծը քննարկվել էր նախորդ քառօրյայում, և խմբակցությունները հայտնել էին իրենց դիրքորոշումը: Քվեարկությանը զուգահեռ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը երթ էր կազմակերպել դեպի ազգային ժողով: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ իրենք հավաքվել են ցուցադրելու, որ հասարակությունում կան խմբեր, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին և իրենք հույս չունեն, որ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը դեմ կքվեարկի: «Սերժիկ, հեռացիր», «ՈՉ սահմանադրությանը» կոչերով բողոքի երթը հասավ մինչև ԱԺ: ԱԺ-ի շենքի մոտ որոշ քաղաքացիներ փորձում էին բարձրանալ շենքի ճաղավանդակներին և պաստառներ փակցնել, սակայն ոստիկանները չթույլատրեցին: Սկսվեց վիճաբանություն և հրմշտոց ԱԺ-ի շենքի մոտ, և ոստիկանությունը 17 քաղաքացիների բերման ենթարկեց Արաբկիրի ոստիկանության բաժին: Եթե պառլամենտում պատգամավորներ չկան և նրանց ձայնը հաշվի չի առնվելու, կառավարությունը դառնում է անվերահսկելի ու մենիշխան: Եթե պառլամենտում չկան պետության առջև դրված խնդիրները լուծելու ունակ անձեր, ապա սահմանադրական նորմերով պետությունը պառլամենտական հռչակելը պառլամենտական կառավարման կարգի անցնելու իմիտացիա է: Իրականում կունենանք կենտրոնացված իշխանություն վարչապետի ձեռքում: ԱԺ-ի թիվ մեկ խնդիրը օրինաստեղծ աշխատանքն է: Կարող ենք նայել վիճակագրությունը, որ ամեն նստաշրջանից հետո հրապարակվում է կառավարության կայքում: Օրենքների մոտ 98 տոկոսը կառավարության հեղինակածն է: Սա էլ իմ ասածի հիմնավորումը, որ ունենք չգործող պառլամենտ` չնայած նրան, որ կա 131 պատգամավոր և յուրաքանչյուրն էլ ունի երկու օգնական և այս բոլորի ամենօրյա աշխատանքը պետք է լիներ օրինագծեր մշակելը:
Անհանգիստ է Հայաստանը…
Հասարակության մեջ թևածում են «եղունգ ունես` գլուխդ քորիր», «որտեղ հաց` այնտեղ կաց», «միևնույն է, ոչինչ չի փոխվի» և նման այլ քաղաքացու անզորությունն ու անկարողությունը հաստատող ասույթներ: Այս ամենին զուգահեռ ձեռնասուն /մարիոնետկա/ լրատվամիջոցներն օր ու գիշեր գովաբանում են գալիք «սահմանադրական դրախտը»:
Recent Comments