Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Համատարած վշտի ու թշվառության մեջ Էրեբունի-Երևան տոնակատարությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին ամեն օր ռմբակոծություններ են: Լուրեր ենք ստանում վիրավորների կամ զինվորների ու խաղաղ բնակչության մահվան դեպքերի մասին: Բայց այս ամենը մեր իշխանավորներին չի հուզում: Նրանք մեծագույն ճոխությամբ ու անտարբեր սրտով տոնակատարություն են անցկացնում: Մայրաքաղաք Երևանի ծննդյան օրը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը, չնայած հանրության այն չեղյալ հայտարարելու կոչերին, այդուհանդերձ, անցկացվեց հոկտեմբերի 10-11-ին: Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ տոնակատարությանը նախապատրաստվել են երեք ամիս, և այն լինելու է գունեղ` լի մշակութային ծրագրերով: Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կոչ էր արել հրաժարվել տոնակատարությունից և այդ գումարն ուղղել հակառակորդի կրակի տակ հայտնված սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալական պայմանների բարելավմանը: Բազմաթիվ երևանցիներ միացել էին այդ կոչին: Ստեղծվել էր «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հաշվի առնելով սահմանում լարված իրավիճակը և «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ճոխությունները` հանդես էր եկել առաջարկով կրճատել տոնակատարությունների շարքը և նախատեսված գումարի գոնե մի մասը հատկացնել սահմանամերձ գյուղերին: «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնության անդամ Արթուր Չիբուխչյանի խոսքով` սահմանամերձ գյուղերն ավելի շատ ունեն գումարի և աջակցության կարիք, և այդ գումարներն անհրաժեշտ է հատկացնել գյուղերին` ոչ թե կազմակերպել միջոցառումների շարք և հրավառություն: Նախաձեռնությունը ֆեյսբուքում ստեղծել էր համապատասխան խումբ` «Ստորագրահավաք` Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին», և ստորագրություններ էր հավաքում էլեկտրոնային տարբերակով ևս: Հոկտեմբերի 4-ին ստորագրահավաքի կազմակերպիչները, չսահմանափակվելով էլեկտրոնային ստորագրահավաքով, հավաքվել էին Մաշտոցի պուրակում, և այս խնդրով մտահոգ քաղաքացիները գալիս էին իրենց բողոքի ձայնն արտահայտելու: Ստորագրահավաքի նախաձեռնողներից Արթուրը պատմում է, որ սահմանամերձ գյուղերն ունեն ապաստարանների խնդիր, բնակչությունը պաշտպանված չէ, վիճակը շատ ծանր է հատկապես Տավուշի մարզի Մովսես, Բաղանիս գյուղերում: Իրականում շատ են գյուղերը, որոնք աջակցության և գումարի կարիք ունեն:

26-ամյա Արև Մելքոնյանին հաշմանդամության երկրորդ կարգը չէր խանգարել անվասայլակով գալ և մասնակցել ստորագրահավաքին: Նա քաղաքի ջերմությունը և բարությունը երբեք չի զգացել և վստահ է, որ եթե քաղաքապետարանի անդամներից որևէ մեկը իր փոխարեն փորձեր մեկ օր ապրել և շարժվել անվասայլակի օգնությամբ, կզգար քաղաքի սառնությունն ու անտարբերությունը:

Ավետիսյան Էդգարը 15 տարեկան է: Նա գիտակցում է, որ տոնը կարելի է չնշել հանուն սահմանամերձ գյուղերի: Էդգարի եղբայրը ծառայում է բանակում և սահմանն է պահում: Ինքն էլ ուրախ կլիներ, եթե իմանար, որ ոչ միայն իր եղբայրը, այլև սահմանը պահող բոլոր զինվորները ապահով վիճակում են:

28-ամյա Մերի Մուրադյանն էլ պատմում էր, որ շատ դժվարությունների է հանդիպել ստորագրություններ հավաքելիս, սակայն դա իրեն չի կանգնեցրել: Իսկ տոնին Մերին չի մասնակցել, քանի որ չի պատրաստվում մասնակցել քեֆ-ուրախության, երբ սահմանին ամեն օր մարդ է զոհվում: Տոնակատարության ծրագրերի իրականացման համար հատկացված բյուջեն, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ կազմել է 130 մլն դրամ: Կան նաև նվիրատվություններ, որոնց քանակը պաշտոնյաները չեն ցանկանում նշել: Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ ու հրաժարվում է քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել`թե ինչպես է տնօրինել, տարբեր տեղեկությունների համաձայն, ծախսված ավելի քան 150 մլն դրամը: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու քաղաքապետարանը չհամաձայնեց տոնական միջոցառումների վրա ծախսվող գումարները հատկացնել սահմանամերձ գյուղերին, որի մասին բազմաթիվ երևանցիներ բարձրաձայնել էին, նշել էր, մեջբերում եմ, – «Երևան համայնքն իր լիազորություններն ունի կոնկրետ սահմանված օրենքով, և դա պայմանավորված է քաղաքի վարչական տարածքի սահմաններով: Քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել քաղաքի հետ կապված այս կամ այն խնդիրը լուծելու համար: Որոշ նվիրատուներ ինչ-ինչ գումարներ են հատկացնում: Դրանք նպատակային են, և մենք բարոյական իրավունք չունենք նպատակային տրված գումարը մեկ այլ նպատակի տալ: Որքան էլ բոլորի համար այդ հարցը մտահոգիչ լինի, այդուհանդերձ, այն քաղաքի սահմաններից դուրս է: Կոչ են անում բարեգործությամբ զբաղվել, որի իրավունքը քաղաքապետարանը չունի: », – մեջբերման ավարտը:

Սակայն այս բացատրությունը չի գոհացրել երևանցիներին, որովհետև նրանք համոզված են` եթե քո ընտանիքում կարևորագույն խնդրի լուծման համար գումար է պահանջվում, ընտանիքի հայրը չի նայում, թե որ երեխայի համար է հատկացված գումարը` նա այն ուղղում է տվյալ խնդիրը լուծելուն:  Սա նշանակում է տեր լինել սեփական երկրին, այլ ոչ թե հայաստանցիների մի մասը լինի ահ ու սարսափի մեջ, սահմանի կրակաերթի տակ, իսկ երկրի մայրաքաղաքը հրավառություններ կազմակերպի և հայրենասիրական երգեր երգի:

Leave a comment

Information

This entry was posted on October 14, 2015 by in Culture, Economics, Politics, Society.