Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Շանթի արդարության գինը:

Այսօր Հայաստանում արդարադատության բնագավառը, ինչպեսև մյուս բոլոր ոլորտները, չի վայելում ժողովրդի վստահությունը: Մարդկանց մեծամասնությունը վախենում է գործ ունենալ այդ ոլորտի հետ: Տարիների ընթացքում ներկայիս իշխանությունը կարողացել է ապացուցել, որ Ֆեմիդան իրենց կամակատարն է. երկար ժամանակ չեն բացահայտվել հասարակական և քաղաքական մեծ հնչեղություն ստացած քրեական գործերը: Քաղաքական հետապնդումների պակաս ևս չի զգացվում: Չնչին զանցանքի համար մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում, իսկ լուրջ հանցագործություն գործած անձիք, եթե նրանք իշխանական ճամբարից են, ազատ են արձակվում: 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ` 15-օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը:

2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոց պողոտայում տեղի ունեցած բախումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը սույն թվականի սեպտեմբերի 17-ին գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով, և ՄԻԵԴ-ը գանգատը վարույթ է ընդունել 15-օրյա ժամկետում (Կարդալ armtimes.com-ի հոդվածն այստեղ):

Որպեսզի ավելի հասկանալի լինի «Շանթ և ընկերներ» քրեական գործի ընթացքը, մեջբերեմ նրա կնոջ մեկնաբանությունը: Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը, ասել է, որ Ինեսա Պետրոսյանը Եվրոպական դատարան ուղարկած գանգատում նշել է, որ խախտվել են Հարությունյանի և նրա ընկերների խաղաղ երթ անցկացնելու, անմեղության և արդար դատաքննության իրավունքները: Գանգատում ընդգրկվել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունը` նշելով, որ դա նույնպես նրանց անմեղության կանխավարկածի խախտում էր (2014 թվականին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին և իր ընկերներին հանցագործ է անվանել և հայտարարել, որ նրանք պետք է դատապարտվեն, և այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ սույն գործով դատարանը դեռ դատավճիռ չէր կայացրել):

Գործի քաղաքական պատվեր լինելու վերաբերյալ հնչում են բազմաթիվ կարծիքներ: Շանթ Հարությունյանի փաստաբանը գանգատում նաև պնդել է, որ շատ կարճ ժամանակում` երկու ժամվա ընթացքում, հնարավոր չէր այդքան ծավալուն գործով դատավճիռ կայացնել, ինչը ևս փաստում է, որ դա քաղաքական երանգ ունի: Չեն լռել նաև հասարակական կազմակերպությունները: Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել է, որ Սերժ Սարգսյանը մինչև դատարանի վճռի հրապարակումը, ըստ էության, մեղադրական վճիռ է կայացրել, և այս հանգամանքը  պետք է անպայման ուշադրության արժանանա ՄԻԵԴ-ի կողմից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հավելել է նաև, որ Շանթ Հարությունյանի գործը վարույթ ընդունելով` Եվրոպական դատարանը նոր պրակտիկա է մշակում, երբ փաստորեն, քաղաքական հետապնդումը կամ քաղաքական նպատակներով ազատազրկումը համարվում է հրատապ գործերից մեկը, և դա չափազանց կարևոր է: Այսինքն, Շանթ Հարությունյանի գործը կարող է ունենալ նախադեպային նշանակություն:

Ու քանի դեռ գործն արդար լուծում չի ստացել, Շանթը շարունակում է մնալ բանտի ճաղերի հետևում:

Հիշեցնեմ, որ «Ցեղակրոն» կուսակցության անդամ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները ազատազրկման են դատապարտվել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին: Դատավճռի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Հարությունյանն ու ընկերները Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այն: Փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան, իսկ վճռաբեկն էլ մերժել է վարույթ ընդունել:

Leave a comment

Information

This entry was posted on October 16, 2015 by in Politics, Society.