Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Ցմահ իշխանություն

Ռուսաստանի կամակատար Սերժ Սարգսյանը վերափոխեց մայր օրենքը` Սահմնադրությունը: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` հանրաքվեին մասնակցել է 1.296.368 քաղաքացի կամ ընտրողների 50-51 տոկոսը: Հիշեցնեմ, որ Սահմանադրությունը փոփոխվել է 2005 թվականին, և նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: 2015 թվականի հանրաքվեով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին:

Սակայն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ընդդիմությունը քվեարկության ավարտից անմիջապես հետո հայտարարեց, որ իշխանություններն իրականում ջախջախիչ պարտություն են կրել և որ տեղի է ունեցել համակարգային բնույթ կրող ընտրակեղծարարություն` կիրառելով կեղծիքների ամբողջական զինանոցը:

Բազմաթիվ խախտումներով, բռնարարքներով և հազար ու մի զեղծարարությամբ Ռուսաստանի դրածո Սերժ Սարգսյանը կարողացավ հասնել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի «Այո» արդյունքին: Թեպետ բոլորին պարզ է, որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկար, և այս ամենը պետք է մեկ մարդու` Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը բռնազավթած անձնավորությանը, որը նախագահական երկու ժամկետից հետո չի ցանկանում հեռանալ պաշտոնից և մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ պահպանել իր իշխանությունը: Դեռևս 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ միասին Սարգսյանի ընտրվելու համար կիրառել են ընտրական մանիպուլյացիաների լայն համակարգ` արտահերթ քվեարկություն, ձայների անվերահսկելի հաշվարկ, քաղաքական ազատությունների սահմանափակում, անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշում, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության դեմ հետապնդումներ, այդ թվում ընդդիմադիր քաղաքացիների սպանություններ (2008 թվականի մարտի 1-ին 10 զոհ) և ռեժիմի հակառակորդների երկարատև ժամկետներով բանտարկություններ:

Փաստացի դեկտեմբերի 6-ին Հայաստանն անցավ նոր իշխանակարգի: Մի վերջին անգամ աղաղակող կեղծիքներով («1.5-2 միլիոն արտագաղթած, բայց մշտապես «քվեարկողներով»), օրինականացրեցին ներկա իշխանության վերարտադրությունը ապահովող Սահմանադրություն, որից հետո այն արդեն անսասան ու բետոնի ամրության է լինելու հետագա սերունդների համար: Միջազգային դիտորդները նշել են, որ Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հանրության ազատ կամքը և լեգիտիմ համարվել չեն կարող: Նորվեգական հելսինկյան կոմիտեի EPDE ներկայացուցիչ, Նորվեգիայից ժամանած Լենե Վեթելանդը հայտարարել է, – «Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, որոշ առիթներով էլ տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր այդ առիթով որևէ բան անել: Ուստի, գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումներով, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք նաև նախահանրաքվեական քարոզչությունից, ինչպես նաև այն ընթացքից` ինչպես անցկացվեց հենց հանրաքվեն:» (Ավելի մանրամասն կարդալ այստեղ):

Մեր երկիրը պատանդ է դարձել Ռուսաստանի ձեռքին, որը նախ հարկադրելով հայ ժողովրդին` իր կամակատարի` Սերժ Սարգսյանի, միանձնյա ստորագրությամբ Հայաստանը մտցրեց եվրասիական տնտեսական մաքսային միության մեջ` ստիպելով հրաժարվել եվրամիության ասոցացման համաձայնագրի ստորագրումից, հիմա էլ իրականացրեցին սահմանադրական փոփոխությունը, որպեսզի Հայաստանը վերջնականապես զրկեն ժողովրդավար և արժանապատիվ երկիր դառնալու հնարավորությունից: Այսպիսով Սերժ Սարգսյանի կլանը, փոխելով Սահմանադրությունը, չի ցանկանում հեռանալ, և այս փոփոխությունը նրան հնարավորություն է տալիս «օրինական» ճանապարհով շարունակել թալանել երկիրը: Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի Ազգային Ժողովը հիմա հնարավորություն ունի նշանակելու կամ աշխատանքից ազատելու վարչապետին, իսկ երկրի նախագահը, որը մինչև օրս ուղիղ ընտրությամբ ընտրվում է ժողովրդի կողմից, վերածվեց անիրավ ձևական պաշտոնակատարի: Եվ նա այսուհետև կընտրվի ոչ թե հինգ, ինչպես նախկինում էր, այլ յոթ տարով, և նրան կընտրի ոչ թե ժողովուրդը, այլ պատգամավորներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Փոխարենը` իրական իշխանությամբ  օժտված կլինեն վարչապետն ու նախարարների կաբինետը, որոնց ուսերին դրված կլինի պետական կառավարումը: Բացի այդ հենց վարչապետը կհանդիսանա զինուժի գերագույն հրամանատարը, իսկ վարչապետին ու նախարարներին կնշանակի կուսակցությունը, որը մեծամասնություն կկազմի Ազգային Ժողովում, ինչը նշանակում է, որ Հայաստանը առաջիկա տարիների ընթացքում պետք է մոռանա ժողովրդավարության մասին, քանի որ ողջ իշխանական համակարգը լինելու է մեկ ուժի` տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցության ձեռքին. կուսակցություն, որը համախմբել է կաշառակեր, հանցագործ, տգետ օլիգարխների և պետպաշտոնյաների: Հայաստանի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ այս ամենն արվեց բացառապես բռնակալ Սերժ Սարգսյանին 2018-ին վարչապետի պաշտոնին հայտնվելու և ժողովրդի թալանն ու համատարած անօրինությունը շարունակելու համար:

Leave a comment