Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Սերժ Սարգսյանի իշխանությանը տրված ամեն մի լումա ավելի է ամրապնդելու հանցագործ ռեժիմը:

«Սկսած 2003 թվականից կոռուպցիայի առումով Հայաստանը ո՛չ առաջընթաց է գրանցել, ո՛չ հետընթաց», – տեղեկացնում է «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Օկտանյանը` ներկայացնելով կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2015» զեկույցը: Նա նշում է, որ Հայաստանը գտնվում է  95-րդ հորիզոնականում` կիսելով այն Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ: Հարևան երկրներից Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին 119-րդ հորիզոնականում է, իսկ Վարստանը` 48-րդում:

481810_438393499542211_999404179_nԲայց այս թվերը շարքային հայաստանցուն ոչինչ չեն ասում, նա իր առօրյա կյանքում էլ իր սեփական աչքով  տեսնում է, որ կոռուպցիան կերել ու մարսել է Հայաստանը, և այս ֆոնին զարմանալի է, երբ ԱՄՆ-ը օժանդակություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար. զուր չէ ժողովուրդը ծիծաղում, թե «աղվեսին հավաբնում հավերի պահապան են նշանակում»:  Ծրագրի  ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ծախսերի փոխհատուցումն է 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 57280 ԱՄՆ դոլար: Հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016 թ. փետրվարի 5-ից 2017 թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար: Այսինքն Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ կա քաղաքական կամք` իր և Սերժ Սարգսյանի ու մնացած թալանչի նախարարների ու պետպաշտոնյանների դեմ պայքարելու: Մնաց պարզել, թե այդ ինչպես են իրենք իրենց դեմ պայքարելու, երբ 1996 թվականից սկսած, տարբեր պաշտոններ զբաղեցնելով,  բացառապես զբաղված են եղել երկիրը թալանելով, դատա-իրավական համակարգը սեփական շահերի պաշտպանության գործիք դարձնելով  և Հայաստանի արտաքին պարտքը` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ` 4 մլրդ 070.662 մլն դոլարի հասցնելով: Ազգային վիճակագրական ծառայության տեղեկացմամբ՝ 2014-ի համեմատ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշն աճել է 7.5 տոկոսով: Հայաստանցիները չգիտեն, թե որտեղ են այս փողերը. ամենայն հավանականությամբ, դրանք պետպաշտոնյանների անձնական հաշվեհամարներին են, որովհետև շարքային քաղաքացին օրեցոր աղքատանում է, և չկա մի ոլորտ, որը նախորդ տարիների համեմատությամբ բարելավված կլինի: Հանարապետական կուսակցությունն այն աստիճան է իրեն հեղինակազրկել, որ նույնիսկ արտասահմանում ապրող հայերն ու նրանց ժառանգները այլևս չեն ցանկանում մեկ լումա տրամադրել այս հանցավոր իշխանությանը: Օրերս տեղեկացանք այն մասին, որ ԱՄՆ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն` Հայաստանում իրականացվող ծրագրերի համար նախատեսված գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որևէ վերահսկողություն ունենան։ Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից և ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա։ Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաև ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով։ Գումարների տրամադրման կամ այդ գումարներով իրականացվող ծրագրերի վերահսկողության մեջ առանցքային դեր է ունենալու նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։  Հիշեցնեմ, որ 22 տարվա ընթացքում Քըրք Քըրքորյանը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Իսկ բարերարի ամենամեծ հատկացումը եղել է «Լինսի» հիմնադրամին, սակայն 2011-ին բարերարը ընդհատեց ֆինանսավորումը, երբ տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց բանդան գրպանել են այդ գումարներից մոտ 200 միլիոն դոլար: Սերժ Սարգսյանի կոռումպացված, հանցագործ ռեժիմից, որը կեղծել է բոլոր ընտրությունները և վերջերս էլ Սահմանադրությունը, հայաստանցիները ոչ մի ակնկալիք չունեն, և ցանկացած գումար, որը կտարամադրվի այս իշխանությանը բացառապես նպաստելու է հանցագործների իշխանության էլ ավելի ամրապնդմանը:

Leave a comment

Information

This entry was posted on February 16, 2016 by in Economics, Politics, Society.