Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

«Դու ստեղից կենդանի չես պրծնի». Գասպարիին խցակիցները ծեծում են:

76409Քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար փետրվարի 19-ից կալանավորված Վարդգես Գասպարին «Նորքի» հոգեբուժարանում իր պաշտպանյալներին փոխանցել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խցակիցների կողմից ենթարկվում է խոշտանգումների.  նրա վրա ջուր են լցնում, նվաստացնում են: Այդ մասին հայտնում է փաստաբան Տիգրան Եգորյանը: Վերջինս տեղեկացնում է, որ Գասպարին արդեն 2 օր է՝ հրաժարվում է սնունդ և ջուր ընդունել: Հոգեբուժական փորձաքննությունից հետո Գասպարիին հետ են տարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նույն խուց:

Փաստաբանններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ իրավապաշտպան կառույցներին կոչ անելով միջամտել և կանխել Գասպարիի նկատմամբ խոշտանգումները:

«Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Ցայսօր Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին, հնարավորություն չի ընձեռվել տեսակցել ամուսնուն: Այսօր՝ փետրվարի 24-ին, վերջինիս տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ փորձաքննության ենթարկելու: Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը շտապել են հոգեբուժարան՝ փորձաքննությանը մասնակցելու, քանի որ այդ մասին տեղեկացվել են փորձաքննությունից քիչ առաջ: Առանձնատեսակցելով Վ․ Գասպարիին՝ պարզել են, որ վերջինս արդեն իսկ երկու օր է, ինչ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, որը ՔԿՀ վարչակազմի կողմից արձանագրվել է ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ, սակայն Վ․Գասպարիին չեն տեղափոխել համապատասխան խուց` բժշկական անընդհատյա հսկողությամբ: Դրանով Գասպարին իր բողոքն է արտահայտում վերջին մի քանի օրերի ընթացքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կապակցությամբ՝ պահանջելով  տեղափոխել իրեն մենախուց: Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  նախ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, ենթարկում են խոշտանգումների (ծեծի և այլ միջոցներով), հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վրան ջուր լցնելով, սպառնալիքներ տեղալով՝ «դու ստեղից կենդանի չես պրծնի» և այլն: Գասպարիի՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված բողոքները մնացել են անպատասխան: Երեկ միայն` փետրվարի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արձանագրել են Գասպարիի կողմից հացադուլի և ջրադուլի անցնելու փաստը: Չնայած դրան` վերջինիս չեն տեղափոխել մենախուց, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ եզրահանգում ենք, որ Գասպարիի նկատմամբ ճնշումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հաշվեհարդար նրա քաղաքացիական ակտիվության և սկզբունքայնության համար, ինչի նպատակը անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում իրավապաշտպաններին, ներպետական և միջազգային քաղաքացիական հասարակությանը, միջազգային կառույցներին ազդեցության բոլոր հնարավոր միջոցներով միջամտել՝ փորձելով կանխել Գասպարիի նկատմամբ իրականացվող խոշտանգումները: Այժմ Վ․Գասպարիին «Նորք» հոգեբուժական կենտրոնից կրկին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ նույն խուց, ուր արդեն մի քանի օր վերջինիս խոշտանգումների են ենթարկում»,- ասվում է տարածված հայտարարությունում։

Leave a comment

Information

This entry was posted on February 25, 2016 by in Politics.