Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Նոր ընտրական օրենսգիրք` հին հանցագործների ձեռքով

 Շռնդալից կեղծիքների ներքո` Հայաստանում ընդունվեց «ՆՈՐ Սահմանադրություն»: Նորանկախ Հայաստանի ամենաիսկական «ձեռքբերումը», հիրավի, կարելի է համարել ցանկացած տիպի ընտրությունների կեղծումը: Այդ մասին գիտեն բոլորը, և գրեթե բոլորը լռում են ու խելացի տեսք ընդունելով` խոսում են այն պայծառ հնարավորությունների մասին, որոնք երկնքից իջնող մանանայի նման թափվելու են հայաստանցիների գլխին: Բանից պարզվում է` ներկայիս ապաշնորհ իշխանությանը խանգարում էր Սահմանադրությունը… Հոգ չէ, որ կան երկրներ, որոնք ընդհանրապես չունեն Սահմանադրություն, բայց աստիճանաբար զարգացնում ու բարելավում են ժողովրդի բարեկեցությունը, հոգ չէ, որ ժողովրդական իմաստնությունն ասում է` «Սապատավորին գերեզմանը կշտկի»:

 Սահմանադրության հանրաքվեն անցկացվեց խայտառակ խախտումներով: Երկրի հեռուստաէկրաններից հորդում էր Հայաստան երկրի «պայծառ» ապագան: Ամենաճարտար ու ցայտուն  ելույթների հեղինակները իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին և թալանչիական կերակրատաշտակի մոտ հայտնված  բոլոր տրամաչափի պաշտոններին տիրացած մարդիկ: Այո, այս ամենը քաջ հայտնի է բոլորին, ուստի քննենք ամենակարևոր խնդիրը: Գործող ավազակապետության տրամաբանությունից ելնելով՝ «ԼԱՎ» ընտրություններ անցկացնելու համար, պետք է ընդունվի ՆՈՐ ընտրական օրենք,  թեև երկրի քաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ նախորդ ընտրական օրենքի տառին ու բառին հետևելու դեպքում հնարավոր էր դրական արդյունքների հասնել:  Ինչևէ, այսօր երկրի  քաղաքական և քաղաքացիական միավորները քննում են ՆՈՐ օրենքի մեջ տեղ գտած թերությունները, որոնցից կարևորագույնն ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումն է:

 Թվում է, թե դա ի՞նչ մի կարևոր բան է: Բայց, արի ու տես, որ դրա շնորհիվ, երկրի բնակչության նվազող թվաքանակն անսպասելիորեն կարող է ֆանտաստիկ աճ գրանցել անգամ  Հայաստանի ամենադժվար հասանելի վայրերում: Որևէ քաղաքացու բնակարանում, առանց իր իմացության, հանկարծ կարող են ժամանակավոր գրանցում ստանալ  իրեն անծանոթ մարդիկ: Մի քանի հարյուր մարդ կարող է ծնվել  նույն թվականի նույն ամսի նույն օրը,  իսկ ամենացնցող պահն այն է, որ բոլոր այդ մարդիկ ունեն նույն ազգանունը, նույն անունն ու նույն հայրանունը: Ֆանտաստիկ և միստիկ գրականության բնագավառում մենք չունենք և չենք ունեցել  վառ ներկայացուցիչներ, այդ ժանրերը չեն ծաղկել, հավանաբար, որովհետև իրականությունն ինքնին ֆանտաստիկ է եղել: Ամեն անգամ, երբ հրապարակվում են անցկացված ընտրությունների արդյունքները, սթափ տրամաբանությունը ինքնասպանվում է, որովհետև ընտրությունների անցկացման 12 ժամերի ընթացքում տեղի են ունենում առեղծվածային փոխակերպումներ՝ կենդանանում են վաղուց կյանքին հրաժեշտ տված մարդիկ, ընտրությանը մասնակցում են ընտրության չգնացածները, Հայաստանի սահմաններից դուրս գտնվողները, միևնույն քաղաքացին տարբեր ընտրատեղամասերում ընտրում է մի քանի անգամ, սարսափելի արտագաղթի պայմաններում ընտրողների թիվը զարմանալիորեն աճում է,  քաղաքացիական ակտիվությունը գրանցում է ռեկորդներ, ընտրատեղամասերի մոտ կուտակվում են հաստափոր ու հաստավիզ ոհմակներ՝ ծխում են, թքում, հայհոյում, քահ-քահ ծիծաղում, մարդկանց քաղքշում  ու ծեծում և ապահովում կրկնաքվեարկումները, լցոնումները, կարուսելները, կաշառքը, սպառնալիքն ու բռնությունը: Այս ամենից նորմալ մարդը կարող է աննորմալանալ…

 Դե, ի՞նչ…  Ի՞նչ պակաս նյութ է Օրուելյան վեպի համար: Կասեք սու՞տ է: Ասե՛ք, որովհետև այսպիսի անհավանական բաներ պատկերացնելը հեշտ չէ՛: Այս ամենը սեփական կաշվի վրա զգալու համար պետք է այցելեք Հայաստան, բայց ոչ որպես զբոսարջիկ, այլ` ընտրությունների մասնակից:

Leave a comment

Information

This entry was posted on March 29, 2016 by in Politics, Society.