Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Հայ ժողովրդին կհանձնեն փաթեթով, թե մաս-մաս

serzh-sargsyan-vladimir-putin_2Հայ ժողովուրդը հարկադրված է հասկանալ, որ նրան դավաճանել է ու վաճառքի հանել ոչ միայն Ռուսաստանը` Հայաստանի այսպես կոչված «իշխանությունը», որը վաղուց արդեն անթաքույց Ռուսաստանի գործակալն է ու կամակատարը, այլև տարիներ շարունակ ընդդիմության դիմակ հագած քաղաքական ուժերը, որոնք հանրապետական ու դաշնակցական մեծապատիվ մուրացկաններից ոչնչով լավը չեն: Նրանց համաձայնությամբ Հայաստանը մտավ ԵՏՄ, նրանց բարբաջանքի համաձայն՝ Ռուսաստանի կայացրած բոլոր որոշումներն անշրջելի են, և նրանք ոչ թե փորձում են ինչ-որ կերպ ընդդիմանալ դրան, այլ հակառակը` ջանում են որքան հնարավոր է շուտ սեփական ներկան ստանալ ու իրենց բաժին ոսկորը փախցնել: Ահա հերթական խայտառակությունը. ապրիլի 8-ին ԱԺ-ում ՀԱԿ-ը հայտարարում է, որ ինքը կողմ է ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայմանը, քանի որ ինչպես իրենք են պնդում, դրանք երաշխիք կարող են լինել ռազմական գործողությունների չվերսկսմանը: Ապրիլի 9-ին էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով Սերժ Սարգսյանը գնում է նրա տուն և մոտ մեկ ժամ ինչ-որ բան են քննարկում: Դժվար թե այս երկու ռուսամետ քաղաքական գործիչներն ի նպաստ Հայաստանի Ռուսաստանի դեմ կատարվելիք որևէ քայլ քննարկած լինեն: Ուրեմն ինչի՞ մասին են խոսել մոտ մեկ ժամ, ի՞նչ «նոր անվտանգության ծրագիր» են մշակել հայ ժողովրդի համար և ովքե՞ր են լինելու այդ ծրագրի իրականացնողները: Սրանք այն գործիչներն են, որոնք վաղուց պատրաստ են Արցախի ազատագրված տարածքների վերադարձին, միայն թե հայ ժողովուրդը լավ գիտի, որ ցանկացած վերադարձ չի փակելու ո՛չ Արդբեջանի, ո՛չ Թուրքիայի և ո՛չ էլ Ռուսաստանի ախորժակը: «Time» ամսագրում ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ջեյմս Ֆոուլին նշում է, որ «Վլադիմիր Պուտինը երբեք չի թաքցրել իր ռազմավարական նպատակները` հետ բերել սառը պատերազմի վերջում ԽՍՀՄ-ի կրած կորուստները և վերականգնել Ռուսաստանի կարգավիճակն ու հեղինակությունը: Այս հավակնություններն ունեն խորը հետևանքներ ամբողջ Եվրոպայի համար: Նախկին խորհրդային հանրապետությունները, իսկ այժմ` անկախ պետությունները, բախվում են իրենց ինքնիշխանության խախտման սպառնալիքի և ագրեսիայի մշտական ռիսկի հետ: Խորհրդային ազդեցության ոլորտի կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրները կանգնած են ճնշման հեռանկարի և ահաբեկչության վտանգի առջև»: Հայաստանը ոչ թե կանգնած է նման ճնշման առջև, այլ, կարելի է ասել, լիովին օկուպացված է Ռուսաստանի կողմից. այսօրվա Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի համարձակվում Ռուսաստանից պահանջել, որ աջակցի իրեն որպես դաշնակից երկիր, այլև համարձակություն չունի պահանջելու, որ Արդբեջանին չվաճառի զինամթերք: Ռուսաստանի իշխանությունն արդենիսկ հայտարարել է, որ շարունակելու է ոչ միայն զենքի վաճառքը, այլև օգնելու է Ադրբեջանին զինվորական կադրեր պատրաստելու գործում: Միայն անմեղսունակն այսքանից հետո կշարունակի պնդել, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է և նրա խաղաղապահ ուժերը կարող են պաշտպանել հայերին: Ցավոք, Հայաստանի երեք նախագահներն էլ միշտ պատրաստ են եղել Արցախի տարածքների վերադարձին, խաղապահ զորքերի տեղակայմանը և ռուսների կրնկի տակ մնալու անշրջելիությանը: Այնպես որ հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքը մնացել է մենակ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ու պետք է հնարավորինս արագ գտնի համայն հայության ինքնակազմակերպման նոր ուղիներ:

Leave a comment

Information

This entry was posted on April 11, 2016 by in Politics, Society, World and tagged , , , , , , , .