Ռուսաստանը տարիներ շարունակ փափուկ բարձ էր դնում գլխներիս տակ, թե «դուք մեր ռազմավարական դաշնակիցն եք»: Դա, իհարկե, չէր խանգարում Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ սեփականացնել Հայաստանի կարևորագույն օբյեկտները` որպես գույք պարտքի դիմաց, ու շարունակել Հայաստանի գաղութացումը։ 2008 -ին, երբ Քոչարյանը, տասը մարդու սպանելով, իր աթոռը փոխանցեց իր հանցակից ընկերոջը` Սերժիկ Սարգսյանին, նորաթուխ նախագահը գիտեր, որ նախորդը վաճառել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ և սկսեց վաճառել վերջին փշրանքները։ Նա պատրաստ է վաճառել նույնիսկ Արցախը, միայն թե Ռուսաստանը թույլ տա մնալ աթոռին ու շարունակել թալանը։ Այսօր արդեն ռուսները մեզ անվանում են ոչ թե ռազմավարական դաշնակից, այլ ռազմավարական գործընկեր, բայց իրականում մենք նույնիսկ գործընկեր էլ չենք, այլ կամակատար, Ռուսաստանի ախորժակը բավարարող ստրուկ, որի հաշվին Ռուսաստանը բարեկամացել ու բարեկամանում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ու քանի դեռ հայերի հաշվին թուրքերին ինչ-որ բան կարելի է տալ, Ռուսաստանի նվիրատվությունները կշարունակվեն։ Այ, երբ Հայաստանն այլևս չի լինի, Ռուսաստանը լրջագույն խնդիրներ կունենա Թուրքիայի հետ, բայց Հայաստանի վերջնական բնաջնջումից հետո միայն: Բանն այնտեղ է հասել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով և որ հարցն այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին»։ Լսու՞մ եք` բոլոր կողմերին: Այսինքն Հայաստանն այլևս բանակցող կողմ չէ, չկա նման երկիր այլևս, կա Ռուսաստանի «գուբեռնիա», մի տարածք, որն ում կուզի կնվիրի Ռուսաստանի կայսրը։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հանձնումը ամենևին ձեռնատու չէ նաև Իրանին, այն չի բխում նույնիսկ նույն Ռուսաստանի շահերից, թեև վերջինս այս պահին դա չի գիտակցում` ակնկալելով, թե Ադրբեջանը, ի վերջո, կմտնի ռուսական ազդեցության գոտի, սակայն նման բան չի կարող լինել երբեք, որովհետև Ադրբեջանն իրեն տեսնում է բացառապես Թուրքիայի կողքին: Եթե որոշ կարճատեսների թվում է, թե Արցախի հանձնումից հետո կարող են հանգիստ ապրել, չարաչար սխալվում են: Խելացի մարդիկ այսօր արդեն զգուշացնում են ռուսներին, որ այս անհեռատես քաղաքականության արդյունքում կարող է ծնվել նոր օսմանյան աղեղ` Բոսֆորից մինչև Կասպից, որը պարարտ հող կդառնա բոլոր ծայրահեղականների համար։ Հայաստանի փոխարեն աշխարհը կստանա մի նոր Սիրիա՝ ավերված քաղաքներով և անկառավարելի զինյալներով։ Բռնությունը կտարածվի Վրաստանով, Ռուսաստանով և Իրանով մեկ, այնպես որ այս խաղը հրահրողները պետք է հասկանան, որ այս անգամ չի հաջողվելու հայերի հաշվին հանգիստ ապրել։ Արցախը ցնցելու է ողջ տարածաշրջանը, և այն դառնալու է հենց այն ոսկորը, որը մնալու է Ռուսաստանի կոկորդին։
Recent Comments