Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Հաց բերող Արթուրը:

Երբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին «Ավրորա» մրցանակին արժանացավ Բուրունդիի «Խաղաղության Տուն» որբանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ հազարավոր կյանքեր փրկելու և որբերին ու փախստականներին խնամելու համար, Հայաստանն ու աշխարհը ցնծացին ուրախությունից, որովհետև պարգևատրվել էր մի մարդ, որը մոռանալով իր եսը` սեփական կյանքը դրել էր մարդկային կյանքեր փրկելու համար։ Մենք` հայերս, ասացինք շնորհակալություն տիկին Մարգարիտին այդ մեծ սրտի ու մարդկության հանդեպ անձնազոհ սիրո համար։

Arthur hacԲոլորովին վերջերս մենք ազգովի ականատես եղանք մարդասիրական մեկ այլ քայլի, որը ցնցեց բոլոր նրանց, ովքեր ունեն միտք, սիրտ ու հոգի: Մեր հայրենակիցը, հուլիսի 26-ի առավոտյան ժամը 7-ին իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնելով սննդով, ճեղքեց ոստիկանական արգելապատնեշը և հաց ու ջուր հասցրեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում գտնվող ապստամբներին։ Արթուր Սարգսյան անուն ազգանուն ունեցող մարդու մասին մենք ոչինչ չգիտեինք, թեպետ մարդը կռվել է Արցախյան ազատամարտի տարիներին, վիրավորվել և ինչպես նրա ընկերներն են ասում այսօր ողնաշարի կեսը երկաթ է ու լուրջ առողջական խնդիրներ ունի, բայց հարկադրված է կանգնել Վերնիսաժում ու վաճառել իր փայտե աշխատանքները։ Այս տեղեկությունը, ցավոք, չի զայրացնում, որովհետև մեր իշխանությունը մեզ տասնամյակների ընթացքում սովորեցրել է, որ հիվանդ, ծեր, անօգնական մարդկանց կամ երեխաներին տրվող նպաստը ողորմելի գումար է, բայց մարդիկ դրա համար էլ պետք է շնորհակալ լինեն, որովհետև նույնիսկ այդ չնչին գումարը շատ քչերին է հաջողվում ստանալ: Սակայն ասելիքս այդ մասին չէ, այլ Արթուր Սարգսյանի`ծանր պայմաններում ապրող ազատամարտիկներից մեկը, որին մենք չէինք էլ ճանաչի, եթե նա կարողանար անտարբեր մնալ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում մի քանի օր սոված ու անջուր մնացած տղաների ճակատագրի հանդեպ։

Հիշեցնեմ, որ հուլիսի 17-ին ապստամբների մի խումբ գրավել էր ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը և պատանդ վերցրել ոստիկանների: Մի քանի օր անց ապստամբներն ազատ էին արձակել պատանդներին, սակայն Հայաստանի իշխանությունը հրաժարվում էր գնդում գտնվող տղաներին հաց և ջուր տրամադրել։
Իսկ Արթուրը չի կարող ապրել, եթե որևէ մեկն աշխարհում սովամահ է լինում. կուլ չի գնում հացն այդ մարդու կոկորդից, ի՞նչ կարող ես անել: Ախր, ո՞նց հանգիստ հաց ուտի, եթե «Սասնա ծռերին» հացի իրավունքից զրկել են։ Եվ նա մերժեց մեր իշխանությունների այդ մարդատյաց դիրքորոշումը։ Բեռնեց իր մեքենան սննդով ու կրակոցների տակ հասավ տղաներին։ Այս քայլն այնքան անհավանական թվաց մարդկանց, որ ոմանք սկսեցին ինչ ասես խոսել. թե Արթուրը իշխանության լրտեսն է, Սասնա ծռերի ընկերն է կամ գուցե անհավասարակշռված մարդ է: Բայց ժողովրդի մեծ մասը վստահ էր, որ Արթուրը պարզապես ազնիվ հայորդի է` անսահման սիրով լցված մի բարի մարդ, որն իր դիմացինին սիրում է, ինչպես իր ընտանիքին։ Դե արի ու սա բացատրի մեր այսօրվա Հայաստանի իշխանությանը. չի ընկալում, չի հասկանում, չի հավատում, որ նման մարդիկ կան աշխարհում։

Արթուր Սարգսյանը հիմա բանտարկված է, և իշխանությունները որոշել են դատել նրան։ Փայտարվեստի վարպետ Արթուր Սարգսյանը դատվելու է իր մարդասիրության համար: Նա չի ապստամբել, զենք չի վերցրել, ոչ մեկին չի սպանել ու պատանդ չի պահել: Պարզապես, սոված մարդկանց, ոստիկանների բացած կրակաերթի տակ, հաց է հասցրել։ Սա է այդ մարդու ողջ հանցանքը։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն առաջարկել է Արթուր Սարգսյանին ընդգրկել Ռուբեն Վարդանյանի ստեղծած «Ավրորա» ֆոնդի այն մարդասերների ցուցակի մեջ, ում ամենամյա մրցանակ են հանձնում: Արթուր Սարգսյանի Վերնիսաժի փայտագործ ընկերներից Սամվել Խաչատրյանն ասում է, որ այս օրերին մարդիկ գալիս ու գնում են Արթուրի փայտե աշխատանքներից: Իսկ Արթուր անունով մի քաղաքացի 1000 դոլար է փոխանցել Արթուր Սարգսյանի համար, սակայն Արթուրի եղբայրը` Արսենը, լրագրողներին ասել է, որ իրենք ոչ մի բանի կարիք չունեն, շնորհակալ են ու զգացված ժողովրդի հոգեբանական աջակցության համար:

Օրերս Արթուր Սարգսյանի ծննդյան օրն էր: Նա այն անցկացրեց անազատության մեջ: Ո՞ր մեղքի համար. որ հանդգնել է ՄԱ՞ՐԴ լինել, որ սի՞րտ ունի անսահման սիրով լեցուն, որ չի՞ կարող չզգալ ուրիշի վիշտը, որ բաց նյա՞րդ է անարդարության կեղծիքի ու բռնության դեմ, որ սիրու՞մ է աշխարհն այնպես, որ պատրաստ է լուռ ու մունջ զոհաբերվել հանուն սիրո, որ մարդն աստվածային էա՞կ է և ցանկացած իրավիճակում պարտավոր է չկորցնել այդ աստվածային դենքը:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով», – գրված է «Ավրորա» մրցանակի պաշտոնական էջում։

Leave a comment

Information

This entry was posted on August 11, 2016 by in Politics, Society.