Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Երկիր տվեք՝ թալանեմ

sargsyankocharyan1Զարմանալի է, թե ինչու մինչև հիմա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գրանցված չեն «Գինեսի ռեկորդների գրքում» որպես աշխարհի ամենաարագ ու նպատակասլաց թալանչիներ, չէ՞ որ այս մարդկանց օրոք Հայաստանում թալանվել է ամեն ինչ։ Դեռևս 2009-ին` WikiLeaks–ի բացահայտումների ժամանակ, 2008-­2011 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գրել է, որ «Հայաստանի տնտեսական գլխավոր ճյուղերի պատկանելության մթին հարցը թաքնված շարժիչ ուժ է հայկական քաղաքականության և էլիտաների փոխհարաբերություններում: Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր շահութաբեր ճյուղերը և ձեռնարկությունները բաժանված են երկու գլխավոր` քաղաքական-տնտեսական բուրգերի միջև. մեկը գլխավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ մյուսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից»։
Ռոբերտ Քոչարյանը, 1998 թ.-ին «ընտրվելով» Հայաստանի Հանրապետության նախագահ, միանշանակ կարող է համարվել առաջատար Հայաստանի խոշոր և ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները մութ գործարքներով օտարելու հարցում: Նա իր պաշտոնավարման առաջին` հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած երեք տարիների ընթացքում հասցրել է ռուսական ընկերություններին հանձնել Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը: Այդ գործարքների մեծ մասի մանրամասներն այդպես էլ երբևէ չեն հրապարակվել, և մինչև օրս պաշտոնապես հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանը էներգետիկ համակարգի ձեռնարկությունները կոնկրետ ինչ գներով է վաճառել: Նա նաև «Արմենտելի» և Կոնյակի գործարանի տխրահռչակ գործարքների հեղինակն է:

2012 թ.-ին Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի Chatham House փորձագետ Ջեյմս Նիքսը հրապարակել էր «Մարող ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում» վերնագրով վերլուծությունը, որում փորձագետը նշում էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը տարբեր ճանապարհներով հեռանում են Ռուսաստանից, իսկ Հայաստանը դարձել է Ռուսաստանի տնտեսական զոհը: Այդ հարցում նա մեղադրում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փորձագետը նշում էր վերլուծության մեջ, որ Քոչարյանը, ըստ էության, Հայաստանի գրեթե ողջ էներգահամակարգը վաճառել է Անատոլի Չուբայսին (ռուսական ՌԱՈ ԵԷՍ-ի նախագահ), ընդ որում` կրկին օֆշորային ընկերության միջնորդավորված ներգրավումով: Ինչ վերաբերում է 2008-ից հետո տասը զոհերի գնով Սերժ Սարգսյանի գահակալմանն ու հետագա պաշոնավարման անփառունակ տարիներին, ապա ըստ Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպության տվյալների, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է։ Պատկերացնելու համար, թե ինչ է 9,8 միլիարդ դոլարը բավական է այն համեմատել Հայաստանի արտաքին պարտքի հետ, որը 2015 թվականին հասել է 5 միլիարդ դոլարի: Այսինքն վերջին տասը տարում Հայաստանից դուրս է բերվել Հայաստանի արտաքին պարտքը երկու անգամ գերազանցող գումար:

Հայաստանից դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի քաղաքացիները դատապարտված են ընչաքաղցության կամ հարկադրված են Հայաստանից դուրս աշխատելու Հայաստանում իրենց ընտանիքը պահելու համար: Եվ ցավալին այն է, որ որևէ մեկին չեն հետաքրքրում այս թվերը: Աշխարհը տեղյակ է, որ Հայաստանի ղեկի մոտ հանցագործներ են, բայց ինչ-ինչ շահերից ելնելով` նրանք թույլ են տալիս Սերժ Սարգսյանին շարունակել կեղծել ընտրությունները, փոխել սահմանադրությունը, տվայտվել արևմուտքի ու Ռուսաստանի շահերի արանքում, դեգերել ՆԱՏՕ, ՀԱՊԿ կառույցներում, չունենալ սեփական ինքնիշխանության գեթ մեկ նշույլ և Ռուսաստանի կրնկի տակ՝ խաղաքարտին դնել Արցախի հարցն ու որոշել ողջ հայության լինել-չլինելու խնդիրը` սեփական թալանը պահելու և շարունակելու դիմաց։

Leave a comment

Information

This entry was posted on August 23, 2016 by in Economics, Politics, Society.