Քաղաքացիական Ակտիվ Քայլ (ՔԱՔ) կուսակցությունը իսկական ցունամի է առաջացրել հայոց կուսակցապետերի խաղաղ շուկայում: Մարդիկ իրենց համար կոալիցվում, դաշինքվում, տալիս-առնում ու նորից վերավաճառվում էին… Հիմա հայտնվել է ինչ-որ մի միմոս, որը բղավել է՝ «կուսակցությունները մեկ են», և տկլոր ու չփլախ կուսակցությունները, հատկապես ընդդիմադիր փախնողները նեղվել են, շատ են նեղվել, թե «այ Սերգեյ, ՔԱՔ-ի համը հանում ես, էլի: Մենք հույս ունեինք էս անգամ էլ հարֆիացնել էս հարիֆ ժողովորդին: Դու մտար մեջ ու մեր բոլոր խաղաթղթերը ՔԱՔոտեցիր: Հերիք չի ՔԱՔ-ի հոտն ընկել է ընտրություն կոչված զուգարանով մեկ, դեռ մի բան էլ մտադիր եք Ցայտուն Երիտասարդների Ռազմավարություն (ՑԵՌ) տարածել: 25 տարի կուսակցություններն ու իրենց երիտթևերը բիզնես էին դրել, «ընտրություն» կոչված ղումարբազություն հնարել, որ դու գաս ու մի օրվա մեջ ՔԱՔես մեջը»: Կուսակցություններին հասկանալ կարելի է, իհարկե, բայց ո՞նց չհիանաս Սերգեյ Դանիելյանի համարձակությամբ: Վարչապետը հրահանգել էր, որ ոչ մեկի բիզնեսը չեն խլելու, իսկ Սերգեյը եկավ, թքեց վարչապետի հրահանգի վրա ու ՔԱՔ-ով Հայաստանի բոլոր կուսակցություններից խլեց նրանց դարավոր, պապենական բիզնեսը:
Դե, ինչ, ՔԱՔ-ը զարմանալի արագությամբ տարածում է իր հոտը սոցցանցերում՝ հզորացնելով և համալրելով ՔԱՔ-ականների բանակը, իսկ կուսակցությունները գլուխները բռնած մտածում են՝ ինչպես ՔԱՔ-ի դեմն առնեն: Էն անտեր 170 հազար դոլարանոց բիոզուգարաններն էլ չեն աշխատում, էնպես որ, ամենայն հավանականությամբ, ՔԱՔ-ը շարունակելու է իր հաղթարշավն ու առաջին անգամ մարդկանց տրվելու է ազատ հնարավորություն սեփական նախաձեռնությամբ և ընտրությամբ հայտնվել ՔԱՔ-ում:

Recent Comments