Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Հայաստանում ապահով ապրում են պետպաշտոնյաները, իսկ անապահով ընտանիքների երեխաները սովամահ են լինում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց Հայաստանում ազքատության մակարդակի մասին իր ամենամյա զեկույցը: Այն վերաբերում է անցած 2014 թվականին: Ըստ զեկույցի` Հայաստանում աղքատ բնակչության թիվը 2013 թվականի համեմատ նվազել է ուղիղ 2 տոկոսով: 2013-ին, ըստ ԱՎԾ-ի, աղքատ էր 32 տոկոսը: Անհասկանալի է, թե ինչի հաշվին է կրճատվում աղքատությունը և այդ ինչպես է կրճատվում, որ հանրությունը դա բացարձակապես չի զգում: Օգտվենք Հայաստանի ԱՎԾ-ի տվյալներից: «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է, – « Երկրում 900.000 մարդ, ըստ այդ զեկույցի, աղքատ է: ԱՎԾ-ի մեթոդոլոգիայով Հայաստանում 2014 թվականին աղքատ է համարվել այն բնակիչը, որի ամսական եկամուտը չի գերազանցել  40.264 դրամը: Դա կոչվում է «աղքատության վերին գիծ»: Կա նաև «աղքատության ստորին գիծ», որը ըստ ԱՎԾ-ի` 2014-ին կազմել է  33.101 դրամ: Այն հայաստանցիները, որոնց ամսական միջին եկամուտը չի գերազանցել այդ գիծը, համարվում են շատ աղքատներ: Այդպիսիք բնակչության 8.6 տոկոսն է կամ  330.000 մարդ: Կա ևս մեկ կատեգորիա` ծայրահեղ աղքատներ: Վերջիններիս ամսական եկամուտը չի գերազանցում  23.384 դրամը: (Ավելի մանրամասն` այստեղ)

Հայաստանցիներն այս թվաբանությանը վաղուց չեն հավատում, որովհետև իրականում բոլորովին այլ պատկեր են տեսնում: Պետք է ասել, որ ժողովրդի համար իսկապես դժվար է գլուխ հանել ֆանտաստիկ ու շատ տարօրինակ իրադարձություններից` արտագաղթը գնալով աճում է, դրա հետ մեկտեղ աճում է ընտրողների քանակը, գների սանձարձակ աճի ներքո գրանցվում է եկամուտների աճ և աղքատության նվազում…

Անհասկանալի իրականությունն այն աստիճան խեղաթյուրել է մարդկանց արժանապատվությունը, որ շատերը հնազանդ ընդունում են իրենց «ոչ կարևոր» լինելը, ընդ որում քաղաքացիների գերակշիռ մասը հայհոյում ու նզովում է  իշխանությանը տիրացած ավազակախմբին, որը բռնի ուժով զավթել է Հայաստանի իշխանությունն ու ձևավորել գողամոլական կառավարում: Պետական համակարգի բոլոր կառույցների հիմնական գործելակերպն է` «թալանի՛ր, քանի դեռ չեն բռնել»: Այս համոզմունքն ավելի է ամրանում, երբ տեղեկանում ես այս կամ այն պետպաշտոնյայի ֆինանսական կարողությունների սրընթաց վերելքին: ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ մի շարք պետպաշտոնյաների հայտարարագրած գումարներն ավելին են, քան նրանց տարեկան աշխատավարձը, իսկ նրանց կանայք տասնյակ հազարավոր դոլարների նվիրատվություններ են ստացել անանուն աղբյուրներից: Մասնավորապես Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի գործազուրկ կինը անցած տարի 19 միլիոն դրամ նվիրատվություն է  ստացել և բնակարան գնել: Իսկ ԱԱԾ ղեկավարի ֆինանսական կարողությունն անցած տարում ավելացել է 10 միլիոնով` հասնելով  38.5 միլիոն դրամի: Նշեմ, որ նրա մեկ տարվա աշխատավարձը չի գերազանցում 10 միլիոն դրամը: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերջինս հայտարարագրել է ճիշտ իր աշխատավարձի չափով գումար` տարեկան մոտ 7 միլիոն դրամ: Իսկ ոստիկանապետի կինը, չնայած որ տարեկան  3 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, հասցրել է կուտակել 30 միլիոն դրամ, 18.000 դոլար և 24.000 եվրո: 200.000 դոլար էլ ունի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կինը, ում տարեկան աշխատավարձը, սակայն, չի գերազանցում 3500 դոլարը: 100.000 դոլարը գլխավոր դատախազի կինը անանուն աղբյուրից նվեր է ստացել 2011 թվականին: Նույն 2011-ին դարձյալ անանուն աղբյուրից Կոստանյանը նվեր է ստացել 35 միլիոն դրամ: 38-ամյա Կոստանյանն անցած տարվա դրությամբ ունեցել է ավելի քան 170.000 դոլար, այն դեպքում, երբ տարեկան հազիվ 20.000 հազար դոլար աշխատավարձ է ստանում: Ի դեպ, հրապարակված այս թվերի մեջ ներառված չեն պաշտոնյաների հայտարարագրած մեքենաներն ու բնակարանները: Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, սակայն Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելիս նպատակահարմար չի համարել հանձնաժողովին քննություն իրականացնելու լիազորություն տալ, և ըստ էության` կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է  մեխանիկական աշխատանք կատարել` պաշտոնյաներից վերցնում է հայտարարագրերը և հրապարակում դրանք իր կայքում: Նշված անունները միակը չեն` ցուցակը բավականին երկար է` վարչապետ, նախարարներ, պետպաշտոնյաներ…

Հայաստանը հարուստ երկիր չէ, սակայն զարմանալիորեն հարմար է շատ արագ հարստանալ ցանկացող անսկզբունք և կաշառակեր մարդկանց համար: Ուզու՞մ եք հարստանալ: Դրա համար պետք է դառնալ իշխող կուսակցության անդամ, հետո զբաղեցնել պետական բարձրաստիճան աթոռ: Յուրաքանչուր հայաստանցի գիտի, որ Հայաստանի փողատերերը պետական պաշտոնյաներն են, որոնք հարստանում են ոչ թե իրենց մասնագիտական գիտելիքների, այլ կոռումպացված համակարգի շնորհիվ` սոցիալապես անապահով ընտանիքների, ծերերի ու երեխաների հաշվին:

Լուսանկարները՝ Շիրակ կենտրոն, Նարեկ Թումասյան

2 comments on “Հայաստանում ապահով ապրում են պետպաշտոնյաները, իսկ անապահով ընտանիքների երեխաները սովամահ են լինում:

  1. Vahan
    December 30, 2015
    Vahan's avatar

    Լուսանկարներ՝ Շիրակ կենտրոնի, Նարեկ Թումասյանի:

    Liked by 1 person

Leave a comment

Information

This entry was posted on November 24, 2015 by in Economics, Politics, Society.