Հայ-ադրբեջանական գիծը օր օրի թեժանում է: Ամեն օր մենք լսում ենք նոր զոհերի կամ վիրավորների մասին: Սահմանամերձ գյուղերի բնակիչները` ահը սրտերում, լուսացնում են` ամեն առավոտ փառք տալով Աստծուն, որ այսօր էլ ողջ արթնացան ու բանակից նոր հաղորդագրություններ չեղան: Միայն 2015 թվականին 39 զոհ է կրել հայոց բանակը: Ադրբեջանական կողմը վերջին ամիսներին կրակում է տանկերից և հրթիռակոծում է մեր սահմանները: Իսկ սահմանի վրա տասնութամյա անփորձ երեխաներ են, որոնք ամեն օր իրենց կյանքը վտանգում են հանուն հայրենիքի պաշտպանության: Քիչ չեն նաև հայկական բանակում ինքնասպանության դեպքերը: Դրա ապացույցն են նախագահի նստավայրի, կառավարության կամ ԱԺ շենքերի մոտ պարբերաբար ցույցեր և ակցիաներ անող սևազգեստ մայրերը, որոնց որդիները սպանվել են զինվորական ծառայության ընթացքում անհասկանալի պայմաններում, և նրանց որդիների գործերը մինչև հիմա բացահայտված չեն, մեղավորներն էլ պատժված չեն: Այդ դեպքերի մասին բազմաթիվ լրատվամիջոցներ գրել ու բարձրաձայնել են:
Եվ այս ամենի ֆոնին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը «ահաբեկչության» է ենթարկում համացանցը` ամեն օր տեղադրելով լուսանկարներ, որոնք փաստում են իր ու իր ընտանիքի անհոգ, ցոպ ու շվայտ կյանքը:
Թե ինչ է մտածում (կամ մտածելու կարողություն ունի՞, թե ոչ) այդ կինը դժվար է ասել: Այդ հարցը պետք է բացառապես հետաքրքրի Սեյրան Օհանյանին, իսկ այ թե ինչու է իր կնոջ քաղքենիության ու անամոթության խաղերին մասնակցում պաշտպանության նախարարը, սա չի կարող չհուզել հանրությանը, չէ որ հենց այդ մարդն է բանակում տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերի անմիջական պատասխանատուն:
Մի երկրում, որտեղ բնակչության մոտ հիսուն տոկոսը սոված է ու անօթևան, որտեղ երեխաները զրկված են բուժօգնություն ստանալու հնարավորությունից, որտեղ մայրերը մուրացկանների նման փողոցներում և լրատվամիջոցների օգնությամբ գումարներ են հայցում իրենց երեխաներին կերակրելու կամ բուժելու համար, որտեղ զինվորն ու ազատամարտիկը բազմաթիվ խնդիրներ ունեն, պաշտպանության նախարարն իր կնոջ հետ, որն ի դեպ «զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, մտահոգված են ոչ թե եղած խնդիրներով և դրանց լուծմամբ, այլ իրենց քաղքենի կյանքի ցուցադրությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն օրերս հայտարարել է, որ ավելի ճիշտ է ներկայիս հայ-ադրբեջանական իրադրությունը պատերազմ անվանել (լրիվ հոդվածը կարդալ այստեղ):
Այս մարդը, հավանաբար, մոռացել է այդ մասին տեղյակ պահել իր անմիջական վերադասին. մոռացել է տեղեկացնել, որ պատերազմող երկրում պաշտպանության նախարարը տուն գնալու ժամանակ չի ունենում, էլ ուր մնաց թե երջանիկ դեմքով ֆոտոսեսիաների մասնակցի: Քաղաքակիրթ երկրներում Սեյրան Օհանյանը վաղուց արդեն հեռացված կլիներ պաշտոնից` դեռ այն ժամանակ, երբ հրապարակումներ եղան Վահագնի թաղամասում կառուցվող նրա դղյակի մասին, որի վրա ծախսվել է 300-400 հազար ԱՄՆ դոլար, և պարզ չէ, թե որտեղից 5 միլիարդ արտաքին պարտք ունեցող երկրի նախարարին այդպիսի գումարներ:

Բայց ինչպես ասում են` այս մարդիկ օրենքից դուրս են, նրանց թալանն օրինականացված է, որովհետև Հայաստանում չկա օրենք և չկա շատ վաղուց, այնպես որ Սեյրան Օհանյանը, նրա կինը և իրենց հանցավոր ռեժիմի մյուս ներկայացուցիչները դեռ երկար կլուսանկարեն իրենց գոհ ու տռզած դեմքերը` ի ցույց դնելով հյուծված ու արնաքամ ժողովրդի քննարկմանը:
Ու կինն էլ ռազմական բժիշկ
LikeLike