Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

«Շնորհավոր» անկման տարի

Վաղուց ամանորի նկատմամբ այսքան անտարբերություն չի դրսևորել հայաստանցին: «Էս նոր տարին էլ մի կողմից», «Հեչ հավես չկա», «Ի՞նչ տոն»` ահա հիմնական տրամադրությունները: Սրա հետ մեկտեղ կա նաև «երջանկությունից» գլուխը կորցրած ճոխ տոնակատարությունների ջատագովների մի խումբ, որին բացարձակ չի հետաքրքրում հայաստան երկրի որպիսությունն ու կացությունը: Ներկայիս իշխանական խավն այդպես էլ չկարողացավ նվաճել ժողովրդի սերը: Այն ընկալվում է որպես մի ավազակախումբ, որի հիմնական գործառույթը սեփական ժողովրդի կեղեքումն է: 2015-ը դեպքառատ էր: Տարին սկսվեց էլեկտրականության թանկացման ծրագրի դեմ երիտասարդական տարբեր խմբերի ընդվզումով: Շատերիս թվում էր, թե այդ շարժումը կջնջի երիտխմբերի մարգինալացվածությունը, ու վերջապես բոլորը կմիավորվեն: Սակայն սպասումները չարդարացան, պայքարող երիտասարդների մի մասն էլ ենթարկվեց դաժան բռնության:

Հայոց Եղեռնի 100-ամյակի տարելիցը և դրան միտված միջոցառումները չհամախմբեցին ու չոգևորեցին մարդկանց: Եղեռնի 100-ամյակի խորհրդանշանը վեճերի առարկա դարձավ, որովհետև քաղաքային իշխանությունները ապաշնորհ դիզայներների հետ միասին նախընտրեցին կրկնօրինակել տարբեր երկրների բազմաթիվ կազմակերպությունների կողմից օգտագործված անմոռուկ ծաղկի պատկերը և ջանք չգօրծադրեցին յուրահատուկ տեսք ու ձևավորում գտնելու համար: Բնական է, որ մեր 100-ամյա մեծ ցավի հանդեպ այդպիսի մանկամիտ վերաբերմունքը բախվեց հայ հասարակության սուր քննադատությանը: 2015 թվականն առատ էր քաղաքական բազմաբնույթ ելույթներով, որոնց հիմնական մոտիվացիան ավազակային, գողամոլ իշխանությունների ապազգային և հակապետական գործունեությունն է, որը հանգեցրել է Հայաստանի քաղաքացիների կողմից սեփական երկրի հեռանկարային պատկերի կորստին: Հարուստները գնալով ավելի են հարստանում, իսկ մյուսները` աղքատանում: Մոտեցեք յուրաքանչյուր հայաստանցու և նա անուն առ անուն կթվարկի երկրի հետընթացի հիմնական հեղինակներին, որոնք ամեն հարմար ու անհարմար առիթով հայտարարում են, որ իբր անհաշտ պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Իրականում, կոռուպցիայի դեմ պայքարն անհնար է մի պետության մեջ, որի կառավարման համակարգային կառուցվածքը ինքնին հիմնված է կոռուպցիայի վրա:

Արդարադատությունը բացարձակապես վստահություն չի վայելում: Անցնող տարին, ինչպեսև նախորդները, այդպես էլ լուռ մնաց 2008 թվականի մարտի 1-ի  10 սպանված քաղաքացիների մահվան մեղավորներին պատասխանատվութան կանչելու գործի առնչությամբ: Մինչև 2015 թվականը կատարված աղմկահարույց սպանություններից և ոչ մեկը չի բացահայտվել: Քաղաքացիները հնչեցնում են բազմաթիվ բողոքներ առ այն, որ դատարանները վստահելի չեն, և վարույթները հիմնականում պատվիրված բնույթ են կրում: Պատվիրատուն իշխանական լծակներին և դրանց մոտ կանգնած ոհմակն է: Լրատվական դաշտում կա հստակ բաժանում` Ձեռնասուն իշխանության կողմից գնված լրատվամիջոցներ և անկախ լրատվամիջոցներ, որոնք անտեսված են իշխանության կողմից: Այդ խմբի մեջ մտնում են ընդդիմադիր կուսակցությունների հասարակական կազմակերպությունների մասնավոր, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները, բլոգերները: Այս երկաստիճան լրատվության ամենավառ վկայությունն էր, որ այս տարի ինչպեսև նախորդ տարիներին նախագահի տարեմուտի հարցուպատասխանի հրավեր ստացան միայն նախագահականում ցուցակագրված և իրենց ենթարկվող լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները: Արդար լուրեր են պտտվում, որ հարցերը նախապես ստուգվել և հաստատվել են նախագահականի կողմից: Իսկ հարցուպատասխանը տեղի էր ունենում նախագահական պալատում: Տարեմուտի հարցուպատասխանը նկարահանելու իրավունքը տրվում է միայն նախագահի ապարատի լրատվական ծառայությանը, իսկ մյուսներն օգտվում են արդեն մոնտաժված պատրաստված միակ տեսագրությունից:

Անցնենք գլուխգործոցին: Սահմանադրական հանրաքվե: Հանրաքվե` հնչում է հզոր և իր մեջ ի սկզբանե կրում է ժողովրդական բարձրագույն ընտրության իրավունքի գաղափարը: Իհարկե, յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի իր երկրի կառավարման համակարգը` նախագահական, թե խորհրդարանական: Սահմանադրությունն է, որ ամրագրում է ժողովրդի գերիշխանությունը, ինչի անքակտելի ու կարևորագույն պայման է արդար ու թափանցիկ ընտրություններով ընտրել իշխանություն և հարկ եղած դեպքում ապաշնորհ կառավարիչներին հեռացնել իշխանությունից: Սակայն այդ վեհ գաղափարը խամրում է, երբ շուրջ քսան տարի հայաստանի քաղաքացին չի զգում իր քվեի կարևորությունը և նույնիսկ հակառակը` գնալով համոզվում է, որ այն ոչ մի արժեք չունի: Ապօրինի իշխանությունները անպատժելիության մթնոլորտում գործի են դնում ընտրակեղծարարության իրենց ողջ փորձը` ներգրավելով պետական ռեսուրսները և հանցագործ տարրերի օգնությամբ, վախի մթնոլորտ ստեղծելով, ընտրողներին ուղղորդում և պարտադրում իշխանական կամքը: Ընտրությունների ժամանակ կիրառվում են մեթոդներ, որոնք ստեղծում են անվերահսկելի հսկայական խառնաշփոթ: Ընտրական ցուցակներում տեղ են գտնում մահացած կամ երկրից բացակայող քաղաքացիներ: Վերջին երկու նախագահների օրոք ընտրությունների անցկացման ժամանակահատվածում երկրից բացակայող քաղաքացիները օրենսդրորեն զրկվել են արտասահմանում Հայաստանի դեսպանատներում քվեարկելու իրավունքից, սակայն այդ նույն բացակա քաղաքացիների անունները հայտնվում են հայաստանյան տեղամասային ընտրացուցակներում և հրաշքով քվեարկում իշխանության օգտին: Այ այսպիսի ծիծաղելի, եթե չասենք ողբերգական, բաներ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով քրեական գործերի քննությանը, նշել է, թե գործընթացը համարվում է ձևական աշխատանք, որի նպատակն է, ըստ նրա, զուտ ձևական հաշվետվություն ներկայացնել միջազգային մարմիններին, որոնց կողմից, ինչպես գիտենք, արդեն հրապարակվել էր հայտարարություն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, որ իշխանությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի մեծապես մեծացնի վստահությունը հանրաքվեի արդյունքների նկատմամբ (կարդալ նաև այստեղ):

Եվ այս ամբողջ պատմության մեջ Հայաստանի քաղաքացիներին ամենից շատ  զայրացնում է այն, որ իշխանությունը, ներկայիս ոչ լեգիտիմ նախագահ Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, մտադիր է ոչ թե բարեկեցիկ երկիր կառուցել, այլ ընդամենը ամեն գնով երկարաձգել իր իսկ իշխանությունը` կլանային ավազակապետությունը: Սահմանադրության փոփոխությամբ այս իշխանությունը արհամարհել է Մայր օրենքի տառն ու բառը:

One comment on “«Շնորհավոր» անկման տարի

  1. Hakob Margaryan
    January 17, 2016
    Hakob Margaryan's avatar

    Միայն զարմանքով ես համակվում, թե՞այսպիսի տրամաբանելու ունակություններց զուրկ , տգետ մարդուն , այդ ո՞ր ազգադավ ուժերն են, մինչ երկրում նախագահ հռչակվելն, բերել ու պատասխանատու պաշտոնների նշանակել… Էսպիսի դատարկախոսությամբ, ի՞նչպիսի արդյունք կարող էր նա իր գործունեությամբ, մինչ նախագահ դառնալն, պահովել մեր ժողովրդի համար եվ
    առավել եվս այժմ, այդ պատասխանատու` նախագահի պաշտոնը փախցնելուց հետո …
    Ժողովրդից կտրված, սպառողական հոգեբանությամբ, ամոթի ու էթիկայի արժեքներից զուրկ, էսպիսի խաղամոլ Նախագահն, իրոք մի ՓՈՐՁԱՆՔ Է մեր ժողովրդի գլխին:
    Սա իրենց գյուղում պետք է մնար ու հաջողությամբ միայն խաբեությամբ ու առեվտրով զբաղվեր կամ էլ շինանյութերի պահեստի պահակ աշխատեր ու խումար խաղար եվ , ոչ ավելին, սրան երկու էծ էլ չի կարելի վստահել ու մնաց Հայ ժողովրդի ճակատագիրը  https://www.youtube.com/watch?v=xUgkCoyHzhI

    Like

Leave a comment

Information

This entry was posted on December 30, 2015 by in Politics.