Այնպիսի տպավորություն է, որ հայերը ծնվել են, որ ռուսները նրանց սպանեն, ստրկացնեն, նրանց պետական հարստությունը, որպես գույք պարտքի դիմաց, առգրավվեն, երկիրը գաղութի վերածեն ու նրանց զրկեն միջազգային ասպարեզում որևէ հեղինակությունից և սեփական կարծիք արտահայտելու հնարավորությունից: Դեռ չի բուժվել Ավետիսյանների ընտանիքի սպին, ժողովուրդը դեռ ուշքի չի եկել Գյումրիում կատարված սարսափազդու ողբերգությունից, երբ ռուս զինվորը սրի քաշեց մի ողջ ընտանիք, հիմա էլ նոր լկտիություն՝ ռուս զինվորի կողմից: Հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 23:30-ին, Գյումրու Անի թաղամասի 13 շենքի 116 բնակարանի դուռն է բախել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 26-ամյա Սերգեյ Վասիլի Սուրնիկովը ու պահանջել, որ բնակարանում ապրող ընտանիքը բացի տան դուռը: Տանը եղել են նաև մանկահասակ երեխաներ, որոնք հայտնի չէ, թե այդ ժամերի ընթացքում ինչ ծանր սթրես են տարել, մինչ հարբած զինվորը բռնուցքներով շարունակ հարվածել է դռանը: Իսկ Գյումրու ոստիկանության աշխատակիցներն ահազանգն ստանալուց հետո, միայն 40 րոպե անց են հասել նշված հասցե ու կալանավորել նրան: Այսօր արդեն Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Հայկական ժամանակի լրագրողին պատասխանել է, որ ռուս զինծառայողը բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել և որ ըստ առկա փաստական տվյալների զինծառայողը շփոթել է բնակարանները, – «Նա հարբած է եղել: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ համածառայակից ընկերը բնակվում է Անի թաղամասի Պարույր Սևակ 14 շենքի 9-րդ բնակարանում: Ինքը բացատրության մեջ նշել է, որ համածառայակից ընկերոջ հետ իր տանը խմել են, հետո դուրս է եկել, որ տաքսիով գնա, տաքսի չի եղել, հետ է վերադարձել, սակայն շփոթել է, գնացել է ուրիշի տուն», – ասել է Ասլանյանը: Դատախազը նշել է նաև, որ տասնօրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կպարզվի` տվյալ միջադեպը հանցագործության հատկանիշներ պարունակում է, թե ոչ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել:
Կարդալ ավելին այստեղ
Recent Comments